211652_close_icon
views-count133924 դիտում article-date 23:27 02-09-2024

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ Երասխում բախվել են «Mercedes»-ն ու ավազով բարձված «ԶԻԼ 130»-ը․ անչափահաս քույրն ու եղբայրը մահացել են, ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 70․5 կմ հատվածում բախվել են «Mercedes B200» մակնիշի ավտոմեքենան և ավազով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Արսեն Բաբագուլյանի գլխավորությամբ։

Փրկարարները «Mercedes»-ից դուրս են բերել վիրավորներին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզի դատախազի տեղակալ Հայկազ Նիկողոսյանը։

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել ե ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Նիկողոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել մարզի ոստիկանապետը, ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալն ու ՊԾ գումարտակի հրամանատարը, ապա գումարտակի հրամանատարը վերադարձել է դեպքի վայր։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ու մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղում մահացածը մոտ 10-ամյա աղջիկ է, իսկ հիվանդանոցում մահացածը 3 ամսական տղա և մահացածները քույր ու եղբայր են, վիրավորներն էլ՝ նույն ընտանիքի անդամներ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր