211652_close_icon
views-count39143 դիտում article-date 09:56 02-09-2024

Գիտելիքի օրվա առթիվ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի ինչ հանձնարարականներ փոխանցեց պարեկներին ՊԾ պետ Արթուր Խուդինյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա առթիվ, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը անցել են ուժեղացված ծառայության։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում պարեկներին տեղեկացրեց Վ. Ղազարյանի և Ա. Հովհաննիսյանի խիստ հանձնարարականների մասին, այն էր, որ պարեկային ծառայությունն անցնում է էլ ավելի ուժեղացված ծառայության և պարեկները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի ուսումնական տարին սկսվի «անվտանգ երթևեկություն» կարգախոսով։

ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը Ա. Խուդինյանին տեղեկացրեց, որ Երևան քաղաքի գնդի 2-րդ և 3-րդ գումարտակները պատրաստ են ուժեղացված ծառայության։

Ապա Ա. Խուդինյանը պարեկներին տվեց հանձնարարականներ՝ ասելով. «Բոլոր դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների մոտ պարեկները պետք է խստագույնս հետևեն, որպեսզի ոչ մի օրինախախտում, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների, տեղի չունենա, լինեն հանդուրժող, սակայն եթե կլինեն վարորդներ, ովքեր չարամտորեն կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և կլինեն հետիոտներ, ովքեր կանցնեն հետիոտնի համար չնախատեսված վայրերով, ապա նրանց նկատմամբ պարտադիր պետք է կազմվի վարչական ակտ։ Դպրոցների և բուհական հաստատությունների մոտ արգելել ավտոմեքենաների կայանումները, այդ թվում՝ անկախ ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի դիրքից, կլինեն գործադիր և օրենսդիր մարմնի պաշտոնյաներ, կլինեն օլիգարխ կամ հանրությանը հայտնի մարդիկ, եթե կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, առանց հապաղելու նրանք պետք է զգան, որ պարեկների հսկողության տակ են ու այդ անձինք պետք է ենթարկվել վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենաները պետք է տեղափոխվեն ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք»։

Ա. Խուդինյանը տեղեկացրեց որ պարեկների ծառայությունն անակնկալ ստուգելու են ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, իսկ մարզերում պարեկների աշխատանքը՝ կապված ուսումնական տարվա հետ, ղեկավարելու է ՀՀ ՆԳՆ ՊԾ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 227+
227+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր