211652_close_icon
views-count115877 դիտում article-date 07:32 25-08-2024

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Երևանում՝ ՆԳՆ-ի դիմաց․ բախվել են «Opel»-ն ու «ԶԻԼ»-ը․ վերջինը հայտնվել է պաշտպանիչ պատի վրա․ անչափահաս տղան տեղում մահացել է, կա վիրավոր․ ժամանել են ՊԾ Երևանի գնդի հրամանատարն ու ՃՏՀ քննչական բաժնի պետը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Ա․ Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց տանող ավտոճանապարհին ՀՀ Ներքին գործերի նախարարության դիմաց (Հերացու թունելի մեջ) բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Արմեն Հայրապետյանի վարած «ԶԻԼ» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Մշեցյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Ն․ Մշեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 17-ամյա Վահագն Հարությունյանը տեղում մահացել է։

Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը հայտնվել է բետոնե պաշտպանիչ պատի վրա, իսկ «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին  գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel»-ի գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրան հիվանդանոց են տեղափոխել «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է «Opel»-ի ուղևորի մահը և տեղում բուժօգնություն են ցուցաբերել «ԶԻԼ»-ի վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Տ․ Կարապետյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Երթևեկությունը մի քանի ժամ Հերացու թունելից դեպի Խանջյան փողոց՝ դադարեցվել էր։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանը

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 178+
178+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր