211652_close_icon
views-count92343 դիտում article-date 11:00 12-09-2024

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. ժամանել են ՊԾ Երևանի գնդի հրամանատարն ու ՃՏՀ քննության բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:20-ի սահմաններում Արտաշատի խճուղում «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։

Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, Երևանի 103 շտապօգնության բժիշկներն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը վարորդն է, և եթե նա ամրակապված լիներ, ապա ավտոմեքենայից դուրս չէր հայտնվի և հնարավոր է մարմնական վնասվածքներ ստանար ու մահը չարձանագրվեր։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 185+
185+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր