211652_close_icon
views-count19943 դիտում article-date 21:52 24-08-2024

Ողբերգական դեպք՝ Սևանա լճում․ «Նասոյի Սաքո» կոչվող լողափից քաղաքացիները դուրս են բերել տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական և ջրասուզակների հերթապահ խումբը, սակայն քաղաքացիները իրենց ուժերով լճից դուրս են բերել քաղաքացու մարմինը։

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 69-ամյա Էդիկ Ղ․-ն է, ով ժամը 18։30-ի սահմաններում Սևանա լճի «Նասոյի Սաքո» կոչվող լողափում՝ ափից մոտ 10 մետր հեռավորության վրա լողալիս, ջրահեղձ է եղել, որից հետո քաղաքացիները նրան դուրս են բերել ու ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր