211652_close_icon
views-count69098 դիտում article-date 20:51 22-08-2024

Երևանում գեներալ-լեյտենանտի տղան չկարողացավ պարեկներին մոլորեցնել. նրա վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել են կաթոցիչներ, թմրանյութի նմանվող զանգված և կասկածելի իրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:55-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Գեորգի Ապրիամովը իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Շոպրոնի փողոցում՝ թիվ 77 հասցեի մոտ, բախվել է կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Սարինյանն ու Էդգար Դարբինյանը։

Վարորդը հայտնել է, որ իր ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով էլ բախվել է «Opel»-ին։

Նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նա հրաժարվել է բժշկական օգնությունից, ինչից հետո նրան պարեկները տեղափոխել են դեպքի վայր։

Արդեն տեղում նրա կողմից վարած ավտոմեքենայում հայտնաբերվել են կաթոցիչներ, թմրանյութի նմանվող զանգվածներ և այլ կասկածելի իրեր։

Տեղում պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղեկատվությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ապրիամովի հայրը կոչումով գեներալ-լեյտենանտ է և բարձ պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում, այդ թվում եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր