211652_close_icon
views-count35271 դիտում article-date 10:17 16-11-2023

Էջմիածնում պարեկներին BMW X6-ի վարորդը չկարողացավ մոլորեցնել. նա պարեկներին նկատելով, նստատեղը պառկեցնելով, փորձում էր թաքնվել. նրա մոտ հայտնաբերվել է կասկածելի իր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի գլխավորությամբ Արմավիրի մարզում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել մեծ թվով ավտոմեքենաներ, որոնց վարորդներն ու սեփականատերերը Արմավիրի մարզում հայտնի են հանրությանը:

Նշված ավտոմեքենաները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել, քանի որ վարորդները խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածին քաղաքում Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղ. Գրիգորյանի և վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ նոյեմբերի 10-ին ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են ոչ միայն օրինախախտ վարորդների, այլև ապօրինի զենք-զինամթերք, թմրամիջոցներ, գաղտնի փականով դանակներ և այլ կասկածելի իրեր:

Այդ օրը ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Արամայիս Սարգսյանն ու Արմեն Սահակյանը Վաղարշապատ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են կասկածելի BMW X6 մակնիշի ավտոմեքենան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը, նկատելով իրեն մոտեցող պարեկներին, ավտոմեքենայի նստատեղը իջեցնում է՝ այդ կերպ փորձելով թաքնվել պարեկներից, սակայն պարեկներ Ա. Սարգսյանի և Ա. Սահակյանի աչքից չի վրիպում դա:

Մոտենալով BMW X6-ին՝ պարեկները ստուգման նպատակով պարզում են վարորդի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Էվրիկա Ե.-ն է:

Վերջինս կասկածելի շարժումներ է ցուցաբերում, ու պարեկները նկատում են, որ նա ձեռքը տանում է իր գոտկային հատված:

Տեղում պարեկները ստուգում են նրան և գոտկային հատվածում հայտնաբերում են գաղտնի բարդ փականով ծալովի դանակ, ինչից հետո նրան BMW X6-ով տեղափոխում են ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այն, որ գաղտնի փականով դանակներ այսօր քաղաքացին կարող է ազատ գնել խանութներից, դա փաստ է:

Սակայն պարեկների կողմից BMW X6-ի վարորդի մոտ հայտնաբերված դանակը ոչ թե խանութից գնված, այլ հատուկ նպատակով պատրաստված դանակ է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր