211652_close_icon
views-count44887 դիտում article-date 23:08 14-08-2024

Պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր. փախուստի դիմած քաղաքացու նետած պայուսակում հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով» տեսակի ատրճանակ. կան բերման ենթարկվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում շրջող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում հնարավոր է անօրինական զենք լինի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տեղեկության մասին գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանը տեղեկացվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանին, վերջինս էլ այդ մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանին ու քննարկման արդյունքում, վստահ լինելով, որ տեղեկությունը հավաստի է, Ա. Խուդինյանի հանձնարարականով, Ա. Իսախանյանի և Ա. Գասպարյանի գլխավորությամբ պարեկներն անցնում են գործի։

 Ժամը 00:20-ի սահմաններում կասկածելի «Nissan» մակնիշի ավտոմեքենան նկատում են ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի, պարեկներ Սուրեն Բալդրյանի և Ազատ Ղազարյանի գլխավորությամբ, կանգնեցնում են ավտոմեքենան, որի ուղևորներից մեկը, դուրս գալով ավտոմեքենայից, դիմում է փախուստի։

Պարեկներն սկսում են նրան հետապնդել, ճանապարհին փախուստի դիմած քաղաքացին իր ուսից հանում և Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկի բակ է նետում պայուսակը և շարունակում է փախուստը։

Պարեկներին հաջողվում է այդ ավտոմեքենայի միջից 2 քաղաքացու ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և նշված ավտոմեքենայով տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 25.-ամյա Կարեն Խ.-ն է, իսկ ուղևորներից մեկը Երևանի բնակիչ 31-ամյա Միքայել Հ.-ն։

Տեղում արդեն պարեկներն ու ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ փախուստի դիմած անձը Երևանի բնակիչ 21-ամյա Խաչիկ Վ.-ն է։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք Կարեն Խ.-ի և Միքայել Հ.-ի հետ ներկայացվում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արդեն քննիչները Նոր Արեշ 11-րդ փողոցի այն տանը, որտեղ Խաչիկ Վ.-ն նետել էր պայուսակը, հայտնաբերում են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված մի քանի փամփուշտով։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Խաչիկ Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր