211652_close_icon
views-count874 դիտում article-date 07:41 25-07-2024

Օրենքը օրենք մշակողների համար չի գործում. ի՞նչ են քննարկել «Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը Հայաստանում» թեմայով կլոր սեղանի շուրջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հուլիսի 23-ին «Հետքը» քննարկում էր կազմակերպել «Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը Հայաստանում» թեմայով, որին մասնակցում էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տաթեւիկ Սարուխանյանը, հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչներ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, պետական գույքի կառավարման կոմիտեի, պետական վերահսկողական ծառայության, հասարակական սեկտորի եւ մեդիայի ներկայացուցիչներ։
Կլոր սեղանի քննարկման կիզակետում էին Հայաստանի ներկա եւ նախկին պաշտոնյաների կողմից ապօրինի ձեռք բերված գույքերի վերաբերյալ մամուլի հայտարարությունները եւ իրավական ոլորտի կառույցների անդրադարձները։

Դատախազությունը պնդում է, որ լավ է աշխատում, եւ արդեն իսկ կան հաշտության համաձայնություններ, կայացված դատական ակտեր։
Սիրո Ամիրխանյանը նշեց, որ հիմնական խնդիրները կապված են պաշտոնյաների՝ արտերկում ունեցած գույքի բռնագանձման հետ, քանի որ որոշ երկրներ պատրաստակամ չեն համագործակցելու։ Որպես չհամագործակցող երկիր՝ Ամիրխանյանը նշեց Արաբական Միացիալ Էմիրությունները, որը ոչ մի կերպ չի համագործակցում Հայաստանի իրավական կառույցների հետ, ինչն էլ դժվարացնում է աշխատանքը։

Քննարկումը վարող, «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանը հարցրեց, թե ինչ սկզբունքով են ընտրում՝ ում գույքն ուսումնասիրեն, քանի որ մինչեւ այս պահը տպավորություն էր, թե միայն նախկին պաշտոնյաների վերաբերյալ են ուսումնասիրություններ կատարվում։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը հայտնեց, որ գործող պաշտոնյաների վերաբերյալ եւս կան ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործեր, սակայն ուսումնասիրություններն իրականացվում են ժամանակագրական հաջորդականությամբ, այդ պատճառով դեռեւս միայն նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործերն են հասել դատարան։
Ամիրխանյանը վստահեցրեց, որ գործող պաշտոնյաների վերաբերյալ գործերի մասին եւս պատշաճ իրազեկում կլինի։

Հարցական է, թե ըստ նշված ժամանակագրական հաջորդականության, որ տեղում է ՀՀ ՏԿԵ նախարարի թոշակառու մոր 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանի վերաբերյալ ուսումնասիրությունը։ Հունիսի 4-ին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ հակակոռուպցիոն կոմիտեում ստուգումներ են իրականացվում ՏԿԵ նախարարի թոշակառու մոր՝ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելու փաստով։ Նախաքննական մարմինը գրեթե երկու ամիս է՝ լռում է։

Քննարկմանը ներկա «Թրանսփարենսի Ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը կոռուպցիայի դեմ պայքարի եղանակներից առանձնացրեց ազդարարումը՝ նշելով, որ ազդարարման համակարգը Հայաստանում այս պահին շատ խոցելի է։ Նույնիսկ եթե մարդիկ ազդարարում են կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ, Սոնա Այվազյանի համոզմամբ՝ այդ համակարգը չի երաշխավորում քաղաքացիների անվտանգությունը։
Հակակոռուպցիոն կոմիտեի 3-րդ քննչական վարչության պետ Արշալույս Մինասյանը մի շարք խնդիրներ թվարկեց, որոնց բախվում են կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելիս։ Առաջինը ծանրաբեռնվածությունն է. Մինասյանի խոսքով՝ բազմաթիվ գործեր կան, որոնք ենթակայության կարգով ուղարկվում են Հակակոռուպցիոն կոմիտե, բայց դրանք նախորդ տարիների գործեր են, շատ դեպքերում՝ վաղեմության ժամկետներն անցած, շատ դեպքերում՝ ոչ մեծ չափերի հափշտակությունների մասին։

Հաջորդ խնդիրը փորձաքննությունների նշանակման ձգձգումներն են, շենքային անհարմար պայմանները. քննիչները հաճախ 3-4 հոգով նույն սենյակում են աշխատում։
Հակակոռուպցիոն կոմիտեի իրավական ապահովման վարչության պետ Էմմա Ավագյանը, ի լրումն Արշալույս Մինասյանի թվարկած խնդիրների, հավելեց, որ հանցագործությունների քննության արդյունավետությունը տուժում է նաեւ միջազգային գործընկերների, այլ պետությունների հետ հաղորդակցվելիս, այն իմաստով, որ հարցումների պատասխանները շատ ուշ են ստանում։ Գործերի ձգձգման պատճառներից հիմնականը թերեւս կադրերի սովն է, որի պակասը զգացվում է ոչ միայն իրավական ոլորտում, այլեւ պետական կառավարման համակարգում։ Լրագրողների կողմից հարցեր հնչեցին՝ ինչպես «չպատժվեց» ՀՀ պաշտպանության նախարարի կինը՝ հայտարարագրում եկամուտների հայտարարագրման եւ նախարարի կողմից բնակարանի կասկածելի ձեռքբերման պատճառով, որեւէ կառույց չտվեց հստակ պատասխան՝ ինչու գործընթացներն ունեցան նման կողմնակալ վճիռ։ Նմանատիպ գործընթաց էլ իրականացվեց Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրի նկատմամբ, եւ արդյունքում համայնքի ղեկավարի սկեսրայրին բանավոր նկատողություն հայտնեցին։

Դատախազության, հակակոռուպցիոն կոմիտեի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ այլ կառույցների կողմից համոզմունքը մեկն էր, որ իրենք ամեն ինչ անում են օրենքի սահմանում, իսկ օրենքի առաջ բոլորն են հավասար։ Սակայն օրենքը, կարծես, օրենք մշակողների եւ հաստատողների վրա դեռ չի գործում, իսկ ներկա իշխանության ներկայացուցիչների ապօրինի գույքի եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերի վերաբերյալ հայտարարությունները նույնիսկ հորիզոնում չեն երեւում:
Հավելենք, որ կլոր-սեղան քննարկմանը հրավիրված էր նաև ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Վլադիմիր Վարդանյանը, սակայն պատգամավորը չէր եկել՝ ասելով, որ սիրով կգար, սակայն այդ օրը ԳԴՀ Սաքսոնիա-Անհալտ երկրոմասի Լանդթագի նախագահն էր Հայաստանում, որին ինքը պիտի ուղեկցեր Լոռու մարզ որպես Հայաստան Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր