211652_close_icon
views-count871 դիտում article-date 14:28 23-07-2024

Թրամփի դեմ մահափորձը վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ Գաղտնի ծառայության ամենալուրջ ձախողումն էր. ծառայության տնօրեն

ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ վերջերս իրականացված մահափորձը «վերջին տասնամյակների ընթացքում ամենալուրջ ձախողումն էր»: Այս մասին գրում է bbc.com-ը:

«Գաղտնի ծառայության սուրբ առաքելությունն է պաշտպանել մեր ազգի առաջնորդներին: Հուլիսի 13-ին մենք ձախողեցինք այս առաքելությունը։ Որպես Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության տնօրեն՝ ես ստանձնում եմ ողջ պատասխանատվությունն անվտանգության ցանկացած բացթողումների համար: Ակնհայտ է, որ սխալ է տեղի ունեցել, և մենք ջանք չենք խնայի, որ դա այլևս չրկնվի», - ասաց Չիթլը Ներկայացուցիչների պալատի Վերահսկիչ հանձնաժողովում լսումների ժամանակ:

Ըստ CNN-ի նա նաև հավելել է, որ կատարված Գաղտնի ծառայության համար ամենավատ պահն էր 1981 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ անհաջող մահափորձից ի վեր:

Միևնույն ժամանակ նա մերժել է այս ձախողումից հետո հրաժարական տալու կոչերը:

Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը ինքնաձիգից կրակ է բացել Թրամփի ելույթը սկսելուց րոպեներ անց: Փամփուշտներից մեկն անցել է նախկին նախագահի գլխից մի քանի միլիմետր հեռավորությամբ և դիպել նրա աջ ականջին։ Քրուքսը, որը դիրքավորված էր մոտակայքում գտնվող շենքի տանիքում, ութ կրակոց արձակելուց հետո սպանվել է Գաղտնի ծառայության դիպուկահարի կողմից: Քննիչները եզրակացրել են, որ նա գործել է միայնակ և դեռ չեն պարզել նրա շարժառիթը։

Լսումների ժամանակ Քիմբերլի Չիթլը, մասնավորապես, ասել է, որ նախքան կրակոցների սկսվելը Գաղտնի ծառայությունը նախազգուշացվել է հանրահավաքի ժամանակ կասկածելի անձի մասին, սակայն դա անմիջապես չի ընկալվել որպես սպառնալիք:

Նա նշել են, որ «խմբեր են ուղարկվել տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հարցաքննելու համար», սակայն խմբերը չեն կարողացել գտնել կասկածյալին:

Չիթլը նաև խոստովանել է, որ մինչ օրս Գաղտնի ծառայության ոչ մի աշխատակից չի ենթարկվել կարգապահական տույժի հանրահավաքում տեղի ունեցածի համար:

Նմանատիպ նյութեր