211652_close_icon
views-count37843 դիտում article-date 09:23 16-07-2024

Նոր Խարբերդի երեխաները խնդրանքով դիմում են Նիկոլ Փաշինյանին․ «Մեր քարուքանդ փողոցը, որ ասեք, կասֆալտապատեն, քանի որ մենք էլ ենք ուզում Ձեզ նման հեծանիվ քշել»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ վերջին տարիներին Հանրապետությունում մեծ թափով իրականացվել ու շարունակվում է իրականանալ ճանապարհների ասֆալատապատման և նոր ճանապարհների կառուցման աշխատանքներ՝ գաղտնիք չէ։

Կառավարության որոշումներով անգամ այնպիսի տեղեր են ասֆալտապատում կատարվում, որտեղ վերջին անգամ նման գործողություններ են իրականացվել սովետական տարիներին։

Օրեր առաջ SHAMSHYAN.com էին դիմել Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Նոր Խարբերդ 6-րդ փողոցի բնակիչները և խնդրում էին, որպեսզի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  միջամտի և իրենց փողոցում վերջապես իրականացվի ասֆալտապատման աշխատանքներ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․

«Մեր փողոցը քարուքանդ վիճակում է։ Դեռ 2021 թվականին Նոր Խարբերդի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցները պետական ծրագրի շրջանակում պետք է ասֆալտապատեին։ 4-րդ և 5-րդ փողոցներն ասֆալտել են, իսկ 6-րդը՝ ոչ։ Սկզբում ջրագիծ են անցկացրել, հետո էլ տարբեր պատճառներով հետաձգել։ Արդեն 2024 թվականն է, այս փողոցի բնակիչներով սպասում ենք, որ ամեն օր մեր փողոցում աշխատանքները կվերսկսվեն, զուգահեռ մենք ենք փորձում ժամանակավոր ինչ որ բան անել, հող ենք լցնում հարթեցնում։ Ընդհանուր առմամբ ամբողջ ճանապարհը մոտ 1 կմ է, բնակիչներիս համար կենսական նշանակություն ունի։ Տաքսիներից բացի, շտապօգնության մեքենաները նույնպես չեն կարողանում փողոց մտնել։ Քարուքանդ ճանապարհի պատճառով մեր երեխաները վազում են ընկնում ու վնասվածքներից խուսափել չեն կարողանում։ Եվս մեկը օրեր առաջ էր։ Երեխային հիվանդանոց են տեղափոխել։

Որպեսզի փողոցի հարցը օր առաջ լուծվի, փոքրիկ բնակիչներն են գործի անցել ու խնդրանքով դիմում են Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով․

«Մենք հեռուստացույցով տեսել ենք, թե ինչպես եք դուք հեծանիվ քշում ու հիմա մեր մամաներն ու պապաները մեզ հեծանիվներ են գնել, բայց չենք կարողանում էս քանդած փողոցում քշենք։ Ուզում ենք ձեր նման հեծանիվ քշենք, բայց մեր փողոցը որ սարքեն, հեծանիվ քշելիս չենք ընկնի ու վնասվածքներ չենք ստանա։ Խնդրում ենք ձեզ ու գիտենք, որ երեխաների նկատմամբ դուք մեծ սեր ունեք և մեր խնդրանքը ձեր կողմից չի անտեսվի»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հայտնեց, որ խնդրին տեղյակ է, սակայն ինչ աշխատանքներ են իրականացվելու վերջապես նշված փողոցում, չմանրամասնեց։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր