211652_close_icon

Դժբшխտ պшտահար՝ Գեղարքունիքի մարզում. սեփական տանը հայտնաբերվել է գլխավոր դատախազության նախկին աշխատակցի՝ հրшզենային վնшսվածքով դին

views-count84882 դիտում article-date 13:59 07-07-2024
Այսօր՝ հուլիսի 7-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00:35-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Խաչաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ռուբեն Սարգիսյանը և Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները նշված տանը հայտնաբերել են 54-ամյա Կարեն Խաչատրյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Կ. Խաչատրյանը իրեն պատկանող «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատրճանակը մաքրելու ժամանակ, զենքի հետ անզգուշությամբ վարվելու հետևանքով, կրակոց է արձակվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի մասին ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանն ու Վարդենիսի  քննչական բաժնի պետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Բերետտա» ատրճանակը, որը Կ. Խաչատրյանը գնել էր օրեր առաջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Կ. Խաչատրյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության համակարգում, համարվել է իր գործի գիտակ, պրոֆեսիոնալ «կադրավիկ», բարձր են գնահատվել նրա մարդկային հատկանիշներն ու աշխատանքային գործունեությունը իրավապահ համակարգում, նրա հայրն էլ՝ Սուրեն Խաչատրյանը, երկար տարիներ աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Վարդենիսի Ներքին գործերի բաժնի պետ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր