211652_close_icon
views-count57973 դիտում article-date 15:21 04-07-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. հարկադիրը բնակարանից վտարեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսի կնոջն ու 7-ամյա երեխային․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 2-ին, Երևան քաղաքի Արաբկիրի 19 փողոցի 10-րդ բնակարանի բնակիչներ 45-ամյա Քրիստինե Արզումանյանին և նրա 7-ամյա երեխային Հարկադիր կատարման ծառայությունը վտարեց իրենց բնակարանից։

Քրիստինեն և երեխան Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս նահատակ Հայկ Ղրիմյանի ընտանիքի անդամներն են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը Քրիստինեի կողմից 17 տարի առաջ տոկոսով գումար վերցնելու դիմաց տան առուվաճառքի պայմանագիր կնքելն է։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Քրիստինե Ա․-ն ասում էր․

«17 տարի առաջ գումար էր հարկավոր, որպեսզի հայրիկիս վիրահատության ծախսերը հոգամ և գումար եմ վերցրել անհատից՝ Արա Մուրադյանից 1500 դոլար՝ ամսական 10 տոկոսով։ Նոտար Էմմա Շաբոյանը կնքել է պայմանագիրը և ինձ ասել, որ 1 ամսով իմ տունը վաճառեմ Արայի վրա և հենց գումարը վերադարձնեմ նա նորից տունը ինձ վրա կվաճառի։ Հետո պետք է պարզվեր, որ այդ նոտարը ևս իրենց խարդախներից է, իսկ այդ ժամանակ ես չէի հասկանում ինչ է կատարվում, միայն մտածում էի՝ արագ գումար ճարեմ՝ ինչ պայմանով էլ որ լինի, որպեսզի փրկեմ հայրիկիս կյանքը։ Մեկ  ամիս հետո իրենց գումարը և 10 տոկոսը հինգ հոգու ներկայությամբ հետ եմ վերադարձրել։

Դրանից  1 շաբաթ հետո զանգում եմ, ասում՝ տեսնեմ երբ է Արան գալու, տունը իմ անունով անենք, պատասխանում է, որ էդ տունը արդեն իրենն է։ Այդտեղից սկսվում է այս պատմությունը։ Խարդախություններով տունս վերցնում, իրենցով են անում։ Հետո այդ տունը Արան վաճառում է Չարխի Ֆալաքյանին, ով ևս նրա ընկերն է, ինչքան էլ իրենք միայն գնորդ ներկայացնեն։ Երեկ՝ հուլիսի 3-ին, մեզ վտարել են և ես ու 7-ամյա երեխաս, ում հայրիկը հանուն հայրենիքի զոհաբերել  է իր համար ամենաթանկը՝ կյանքը, հայտնվում ենք բաց երկնքի տակ։ Մեզ վտարել են, իսկ ոստիկանությունը փոխանակ օգնի, ուզում է երեխային տանի մանկատուն»։

Վերջում զրուցակիցը հայտնեց, որ միայն խնդրում է բարեգործ մարդկանց իր և երեխայի համար կացարան, քանի որ ինքը համոզված է, որ իր պայքարի արդյունքում արդարությունը հաղթելու է և  տունը կրկին իրենցն է լինելու։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր