211652_close_icon
views-count72178 դիտում article-date 22:24 23-06-2024

Գիշերը «թեժ» է եղել․ պարեկները դեպքի վայրում հետապնդել և վնասազերծել են թանկարժեք ավտոմեքենաներ թալանողին․ տուժածն էլ Երևանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության ղեկավար կազմի հետ հանդիպումներում բազմիցս հորդորել են, որ պարեկները ոստիկանության տարածքային բաժինների իրենց գործընկերների հետ պետք է նաև ուժեղացված ծառայություն իրականացնեն գիշերային ժամերին, ինչը հնարավորություն կտա ոչ միայն կանխել, այլև նաև բացահայտել հանցագործություններ։

Այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 05:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցում ավտոմեքենայի գողության դեպք է կատարվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, պարեկներ Վարդան Բարսեղյանի և Կարեն Սահադյան գլխավորությամբ նրանք ուղևորվում են ենթադրյալ հանցագործության վայր և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Պարեկները Լենինգրադյան 52 շենքի բակում նկատում են կայանված Chevrolet մակնիշի ավտոմեքենա, որի վրայից բացակայում են դիմացի լուսարձակները։

Տեղում նրանք նկատում են նաև, որ մի հոգի ճողոպրում է նշված վայրից։

Պարեկները հետապնդում են նրան և հաջողվում է բռնել ու վնասազերծել, ապա գողություն կատարելու կասկածանքով նրան բերման են ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։

Ահազանգով դեպքի վայր են ժամանում ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Իսկ դեպքի վայրում էլ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերում են Chevrolet-ի վրայից գողացված լուսարձակները, գողություն անելու համար նախատեսված պարագաներ, այդ թվում՝ ձեռնոց, պտուտակահան և այլ իրեր։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը ոստիկանությունում, ապա քննչական բաժնում խոստովանել է արարքը, իսկ ոստիկաններն ու քննիչները ունեն նաև կասկածներ, որ նա միայնակ չի եղել, սակայն նա հայտնել է, որ մենակ է եղել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թալանված ավտոմեքենան պատկանում է Երևանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի 28-ամյա տնօրեն Նշան Վ.-ին։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր