211652_close_icon
views-count24107 դիտում article-date 10:58 16-06-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Mercedes»-ի 31-ամյա վարորդը, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, ոչ սթափ վիճակում բախվել է աշխատանքներ կատարող՝ քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Խաչատուր Մարտիրոսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ շրջանաձև երթևեկության հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, ճանապարհի մաքրման աշխատանքներ կատարող տրակտորի, այնուհետև բախվել բետոնե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խ. Մարտիրոսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մհեր Կարապետյանն ու Գևորգ Մնացականյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզել են, որ տրակտորը վարել է Երևանի բնակիչ 65-ամյա Վաչիկ Հունանյանը։

Տրակտորիստն ու «Mercedes»-ի վարորդը ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ, նա զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր