211652_close_icon
views-count1057 դիտում article-date 16:17 12-05-2024

Մեր դիմաց ծանր, բարդ օրեր են, բայց չկա ոչինչ, որ կարող է մեզ հետ պահել մեր իղձերի իրականացումից. Բագրատ Սրբազան

Մենք  ապրում ենք գողացված ուրախության և անմաքրության, ստի և կեղծիքի, խաբեության, մոլորության, թշնամության, ատելության և ամենամեծ մեղքի՝ ինքնարդարացման օրեր, և մենք այդ բոլոր երևութներից կուրացել ենք, չենք կարողանում գնահատել ճշմարիտ արժեքները՝ հաշտությունը, սերը, ներումը, սիրո տարածումը, ճշմարտությանն ու արդարությանը հետամուտ լինելը: Այս մասին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված Սուրբ պատարագից հետո ասել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ դիմելով հավատացյալներին:

«Աստծուն մեր խնդրանքը պիտի լինի, որ մեր հոգու աչքերը բացվեն և  մեզանից հեռու փախչեն հուսահատությունը, թերարժեքությունը, կասկածամտությունը, անհավատությունը, ատելությունը, խորամանկությունը, սուտը, կեղծիքը, որպեսզի տեսնենք մեր իրական նկարագիրը: Մենք կարող ենք և պետք է անենք դա՝ մեր երկրի, մեր կյանքի, ապագայի, վերջապես աշխարհին ներկայանալու համար, դառնալու հատուկ և ընտրյալ ժողովուրդ: Մեզ տեսնող աշխարհը, մարդիկ պետք է հասկանան, որ առնչվում և հարաբերվում են հավատարմություն, ժառանգություն, կամք, ուժ ունեցող ժողովրդի զավակների հետ, որոնց զորագլուխը՝ Տեր Աստված, անհաղթահարելի մի ուժ է: Այսպիսի ժողովրդի նկարագիր ունենք մենք, բայց կամքով, թե ակամա ուրացել ենք և այդ ուրացման ընթացքը դարձել է անզորության, անելանելիության, հուսահատության դրսևորում: Դուք այդ ժողովուրդ չեք, որ ուրանա՛ք, մերժե’ք, մոռանա՛ք: Այսպիսի նկարագիր ունեցող ժողովուրդը չի կարող անմահ չլինել:

Մեր դիմաց ծանր, բարդ օրեր են, բայց, ինչպես ասացի, չկա ոչինչ, որ կարող է մեզ հետ պահել մեր իղձերի իրականացումից, որոնք ոչ միայն մերն են՝ այսօր այստեղ ապրողների, այլ բոլոր նրանցը, որոնք գնացին մեր առջևից, որոնք  գտնվում են ապագայում, որոնք իրենց կյանքն ընծայել են մեր կայնքի համար և սպասում են մեզ ոչ թե նզովված գնալու, այլ՝ օրհնված: Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն: Ամեն», - ասել է Սրբազանը:

Նմանատիպ նյութեր