211652_close_icon
views-count48745 դիտում article-date 20:27 21-04-2024

Ավտովթար՝ Սարալանջի ճանապարհին. «BMW»-ն բախվել է «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա քարե պատնեշին. պատնեշը փլուզվել է. ըստ տեղեկությունների՝ պատճառը մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց ճանապարհահատվածում 20-ամյա Ժիրայր Ասլանյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող 53-ամյա Հմայակ Սիմոնյանի վարած «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա առաջ ընթանալով բախվել է քարե պատնեշին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: 
 
Տարածք սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հրանտ Աբրահամյանն ու Անդրանիկ Մարգարյանը: 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Պարեկային ծառայությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ «BMW»-ի վարորդի համար մեկ այլ վարորդ վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դիմել է փախուստի:

Այդ տեղեկությունը Պարեկային ծառայությունը ճշտում է և աշխատանքներ է իրականացնում ՝ վթարային իրավիճակ ստեղծած և փախուստի դիմած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսում եղել են 25-ից ավելի ուղևորներ, որոնք նույնպես չեն տուժել:

«BMW»-ի՝ քարե պատնեշին բախվելուց հետո փլուզված մի ահագին հատաված թափվել է ներքևի ճանապարհին, սակայն քաղաքապետրանից հայտնել են,որ իրենք ոչինչ չեն կարող անել, քանի որ աշխատանքային օր չէ, իրենց հանգիստն է և վաղը առավոտյան նոր խումբը կմոտենա, որպեսզի ճանապարհը մաքրի և ճանապարհից հեռացնեն մի քանի տոննա կշռող բետոնը:

Այստեղ են ասում ՝ քաղաքապետարա՛ն, աշխարհ, կանգնի իջնող կա, իսկ ուրիշ ժամանակ թողնես՝ քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարները Սայաթ-Նովայի սազն առնեն ու իրենց գովքն անեն, թե ամեն պահի պատրաստ են բնակչի թիկունքին կանգնել, իսկ այս դեպքում փաստերն այլ բան են հուշում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր