211652_close_icon
views-count94667 դիտում article-date 19:44 24-03-2024

Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր․ պարեկներն ու ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 24-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արտաշատի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցի տներից մեկում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արտավազդ Սարգսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանը։

 Աճառյան փողոցի սկզբնամասում նույն գումարտակի պարեկ Արտաշես Միկիչյանը, ավագ պարեկ Անուշավան Սաղոյանը սահմանազատել են տարածքը։

Պարեկներն ու ոստիկանները Զոհրաբի փողոցում հայտնաբերել են ատրճանակից կրակված թվով 6 պարկուճ, իսկ Իսակովի փողոցում՝ կրակված 1 գնդակ։

Մինչ դեպքի վայրում պարեկները ծառայություն էին կատարում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ անձնակազմի գծով պետի տեղակալ Ալիկ Ղազարյանի ու քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Վաչիկ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Տիգրան Բ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են ենթադրյալ սպանության փորձ կատարողի ինքնությունը, ով ոստիկանների ու պարեկների կողմից տաք հետքերով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։ 

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ հիմա չենք հրապարակում։ 

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Բադալյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև փորձաքրեագետը։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 224+
224+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր