211652_close_icon
views-count1702 դիտում article-date 18:31 10-03-2024

ԲՏԱ նախարարությունը կրկին հետաձգել է «Արմսաթ 1» արբանյակի լուսանկարների հրապարակումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետաձգել է հայկական «Արմսաթ 1» արբանյակով արված տիեզերանկարների հրապարակումը մինչև կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի պաշտոնական բացումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։
 
««Արմսաթ 1» արբանյակի կողմից արված տիեզերանկարները, ինչպես նաև դրանց հնարավոր կիրառությունները նախատեսվում է ներկայացնել արբանյակի երկրային ենթակառուցվածքի (կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի) պաշտոնական բացման ժամանակ», - ասվում է հաղորդագրության մեջ:
 
Միաժամանակ նախարարությունից հայտնել են, որ արբանկյակի կառավարման կենտրոնը ստեղծվել է և գործարկվել դեռևս 2023 թվականից, իսկ ընդունիչ կայանի ստեղծման, գործարկման և ծրագրային ներդաշնակեցման աշխատանքները եզրափակիչ փուլում են:
 
Նշենք, որ 2023 թվականի ապրիլից նախարարությունում հայտարարում են, որ կադրերը մոտ ապագայում կհրապարակվեն։
 
Հիշեցնենք, որ Urdaneta արբանյակը Հայաստանի համար պատրաստել է իսպանական Satlantis ընկերությունը։ Գործարկումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 25-ին, որից հետո այն
վերանվանվել է «Արմսաթ 1»։
 
Նշենք նաև, որ հայկական մեկ այլ՝ «Հայասաթ-1» արբանյակը Երկրի ուղեծիր ուղարկվեց 2023թ–ի դեկտեմբերի 1-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով

Նմանատիպ նյութեր