211652_close_icon
views-count865 դիտում article-date 14:22 06-02-2024

Բլինքենը Եգիպտոսում քննարկում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հնարավոր հրադադարը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կահիրեում է, որտեղ հանդիպումներ է անցկացնում Եգիպտոսի իշխանությունների հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը պետք է կենտրոնանան Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմի հրադադարի վրա՝ գերիների վերադարձի դիմաց։
Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Բլինքենի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իսրայելը հայտարարել է, որ ռազմական գործողությունները պետք է տեղափոխի Գազայի հատվածի Ռաֆահ քաղաք, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանին։
ՄԱԿ-ի հումանիտար հարցերով մասնագետները հայտարարել են, որ Իսրայելի կառավարության արձակած տարհանման հրահանգներն այժմ վերաբերում են Գազայի հատվածի երկու երրորդին, և ամեն օր հազարավոր մարդիկ տեղահանվում են դեպի սահմանային հատվածներ։

Եգիպտոսը հայտարարել է, որ սահմանի մոտ իսրայելական զորքերի տեղակայումը կարող է սպառնալ երկու երկրների միջև 40 տարի առաջ ստորագրված հաշտության համաձայնագրին։ Եգիպտոսը մտավախություն ունի, որ ռազմական գործողությունների տարածումը դեպի Ռաֆահ կստիպի պաղեստինցիներին հատել սահմանը, իսկ Կահիրեն չի ցանկանում նման սցենար թույլ տալ։

Էնթոնի Բլինքենը բազմիցս հայտարարել է, որ պաղեստինցիներին չպետք է ստիպել դուրս գալ Գազայից։
Եգիպտոսից հետո Բլինքենը կմեկնի Կատար, իսկ փետրվարի 5-ին նա Էր Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ։

Նմանատիպ նյութեր