211652_close_icon
views-count919 դիտում article-date 10:49 23-01-2024

Միյատովիչը Երևանին և Բաքվին կոչ է արել բանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ԵԽԽՎ-ում ներկայացնելով 2023 թվականի իր տարեկան զեկույցը՝  կոչ է արել վճռական և կոլեկտիվ ջանքեր գործադրել՝ կորցրած դիրքերը վերականգնելու և մարդու իրավունքները զարգացնելու համար։

Նա կոչ է արել Երևանին և Բաքվին՝ խաղաղ բանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ժամանակ Միյատովիչը նախ հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը եղել է Հայաստանում, Ադրբեջանում ու Ղարաբաղում, ապա շեշտել, որ մարդու իրավունքների խախտումներ են արձանագրվել նաև հայ-ադրբեջանական երկարատև հակամարտության ընթացքում։

Նա կոչ արել է կողմերին` հաստատել մարդու իրավունքների ուժեղ երաշխիքներ՝ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար:

«Ընդամենը մի քանի օր առաջ ես հրապարակեցի դիտարկումներ Հայաստան և Ադրբեջան այցից հետո, այդ թվում` Ադրբեջանի Ղարաբաղի մարզ։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամն էր, որ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացավ այցելել Ղարաբաղի տարածաշրջան: Ես ընդգծել եմ, որ ղարաբաղյան հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է», - ասել է հանձնակատարը։

Նմանատիպ նյութեր