211652_close_icon
views-count26091 դիտում article-date 15:05 20-01-2024

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ անհայտ ավտոմեքենան հարվածել է ոստիկանության Ամասիայի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի ավտոմեքենային ու դիմել փախուստի․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Արմեն Մնացականյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63 կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս ու ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Մնացականյանը ու ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 54-ամյա Տիգրան Եղիազարյանը օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած կրակը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Միսակ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Գաբրիել Գաբրիելյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից Opel Astra-ին բախվելը, որից հետո այդ ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է  փախուստի, իսկ Ա․ Մնացականյանը վթարի է ենթարկվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա․ Մնացականյանը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ամասիայի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, կոչումով փոխգնդապետ է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Opel-ին բախված և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր