211652_close_icon
views-count43945 դիտում article-date 11:25 20-01-2024

Շղթայական ավտովթար Երևանում․ «Գինետուն» ռեստորանի դիմաց բախվել են «Toyota Camry», «Nissan Altima», «Opel», «Lada»,, «Suzuki» և «Toyota RAV-4» ավտոմեքենաները, վնասվել է «Համով տնակ» արագ սննդի կետի դուռը և պատուհանը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Գինետուն» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են «Toyota Camry», «Nissan Altima», «Opel Astra», «Lada Priora», «Suzuki» և «Toyota RAV-4» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ավանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանիչ 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Նարեկ Մուրադյանն ու կրտսեր պարեկ Օնիկ Առաքելյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաներից Nissan-ը, Lada-ն և Suzuki-ն եղել են կայանված ու բախման հետևանքով կայանված ավտոմեքենաներից մեկն էլ կոտրել է հարևանությամբ գտնվող սննդի կետի ապակին։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր