211652_close_icon
views-count1006 դիտում article-date 17:43 19-01-2024

Իրանը հաղորդել է «Իսլամական պետության» մի շարք պարագլուխների ձերբակալության մասին

Իրանի հետախուզության նախարարությունը հունվարի 19-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ Քերմանի պայթյուններին մասնակցած երկու ահաբեկիչներ զոհվել են անվտանգության ուժերի հետ զինված բախման ժամանակ։ Բացի այդ, ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մի շարք պարագլուխներ:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական ԻՐՆԱ գործակալությունից:

Հայտարարության մեջ ասվում է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի կապակցությամբ Քերմանում անցկացվող արարողության ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, շարունակելով երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս տեղեկատվության հավաքումն ու անվտանգության միջոցառումները, «լավ տվյալներ են ստացվել»։

«Այնուհետև այս միջադեպի հետ կապված մի շարք այլ գործակալներ են հայտնաբերվել ու ձերբակալվել ԻՊ-ի առանձին պարագլուխների մակարդակով` ընդհուպ մինչև օպերատիվ գործակալներ և մի քանի երկրների քաղաքացիներ, և տեղափոխվել երկրի քննչական մեկուսարաններ», - նշված է հրապարակման մեջ:

Անվտանգության նախարարությունը մատնանշել է, որ մի շարք շրջաններում շարունակվում են հարձակողական և պաշտպանական գործողությունները, առկա է անվտանգության ուժերի ակտիվ ներկայություն։

Քերմանում պայթյունները տեղի էին ունեցել հունվարի 3-ին։ Հարձակման զոհ էր դարձել շուրջ 90 մարդ։

Նմանատիպ նյութեր