211652_close_icon
views-count67949 դիտում article-date 22:37 14-01-2024

Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում. պատճառը եղել է ավտովթարը, որի ժամանակ բախվեն են Opel-ն ու Chrysler-ը. դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված պարկուճ ու գնդակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել , որ Աբովյան քաղաքում ավտովթար է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոն Այվազյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան  Մանուկյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Աբովյան քաղաքի Արզնու խճուղի, Սևանի, Երևանյան և Հանրապետություն փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Chrysler 200 LX մակնիշի ավտոմեքենաները, որի ժամանակ ավտոմեքենաներից մեկից դուրս է եկել մի քաղաքացի և իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։

Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն են կատարում պարեկ Նարեկ Սահակյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Աբրահամյանը։

Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կրակված 1 պարկուճ և 1 գնդակ։

Դեպքի մասին Ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Դավթյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Ս. Սեդրակյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, ինչպես նաև կրակոցներ արձակած անձի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտաբերելու ուղղությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր