211652_close_icon
views-count53073 դիտում article-date 21:41 19-12-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Mazda-ն «4-րդ գյուղ»-ում կողաշրջված հայտնվել է ջրանցքում․ կա վիրավոր․ Մալաթիայի թաղապետը գուցե հետևություններ անի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ում, «Դերժավա» գործարանի հարևանությամբ գտնվող կամրջից ընկել է և կողաշրջված վիճակում հայտնվել ջրանցքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիների օգնությամբ վիրավոր վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և իրենց սեփական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կամրջի աջ և ձախ կողմերում բացակայում են պաշտպանիչ արգելապատնեշները ու եթե Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը այս դեպքից հետևություններ չանի և կարճ ժամանակում պաշտպանիչ արգելապատնեշներ չտեղադրեն, հնարավոր է նման դեպք նորից լինի ու եթե այս անգամ երջանիկ պատահականությամբ վթարը ծանր ավարտ չունեցավ, ապա, ինչպես ժողովուրդն է ասում, չես կարող չասել, որ «պապն ամեն անգամ փլավ չի ուտում»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր