211652_close_icon
views-count835 դիտում article-date 19:38 06-12-2023

Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը կիսվել է զգայուն հարցերի շուրջ ՌԴ դիրքորոշումների վերաբերյալ ՀՀ ընկալումներով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս Սկոպյեում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ներկայացրել է աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ Ռուսաստանի տեսլականը, Միրզոյանն էլ կիսվել է տարբեր զգայուն հարցերի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումների վերաբերյալ հայկական կողմի ընկալումներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին:

Պատգամավորը  հարցրեց, թե վերջերս Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի ընթացքում նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման թեման ո՞րն է եղել՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում վերջերս առկա բարդությունները:

Միրզոյանն ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգը բազմաթիվ ոլորտներ և հարցեր է ընդգրկում, երկու երկրները նաև տարածաշրջանային հարցերում ունեն խաչվող հետաքրքրություններ, հետևաբար՝ ՌԴ-ի հետ միշտ քննարկելու թեմա կա:

«Եվ մենք մեծ հաճույքով միշտ օգտագործում ենք առիթները՝ այդպիսի շփումների համար: Այս անգամ ևս ՌԴ ԱԳ նախարարը մեզ ներկայացրեց վերջին որոշ իրադարձությունների կամ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը, մենք էլ կիսվեցինք իրենց դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով և տարբեր զգայուն հարցերի շուրջ Ռուսաստանի Դաշնության պահվածքի, դիրքորոշումների մեր ընկալումներով»,-ասաց Միրզոյանը՝ հանդիպումը գնահատելով արդյունավետ:

Պատգամավորը նկատեց, որ հանդիպումից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ Սերգեյ Լավրովը բողոքել է ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցչից: Մինասյանը հետաքրքրվեց խնդրով:

«Այո, ես տեսել եմ մեր հանդիպումից այդ կտորը, որը տարածվել էր ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Ըստ ամենայնի, ինչ-որ թյուրիմացության մասին է խոսքը: Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչից, մինչդեռ իմ ունեցած տեղեկություններն ամենևին այդպես չէր: Ըստ ամենայնի՝ տեխնիկական թյուրիմացություն է եղել, որն արժանացել է Ռուսաստանի արտգործնախարարի ուշադրությանը: Խոսակցությունն այն մասին էր, թե ով է նախաձեռնել հանդիպումը, և ես ասում էի, որ մենք չենք նախաձեռնել»,-ասաց  Հայաստանի արտգործնախարարը:

Նմանատիպ նյութեր