211652_close_icon
views-count883 դիտում article-date 18:50 10-11-2023

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Սփյուռքի հարցերով Հունաստանի ԱԳ փոխնախարար Յորղոս Կոցիրասին

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Սփյուռքի հարցերով Հունաստանի ԱԳ փոխնախարար Յորղոս Կոցիրասին։

Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ կողմերն անդրադարձել են երկու բարեկամ ժողովուրդների ամուր կապերին, առկա միջազգային մարտահրավերների պայմաններում սփյուռքյան կառույցների միջև սերտ համագործակցության կարևորությանը: Ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ձևաչափերում, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում համագործակցության էլ ավելի ամրապնդման անհրաժեշտությունը:

Ըստ աղբյուրի՝ դեսպանը Մկրտչյանը զրուցակցին է ներկայացրել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից առաջ և դրանից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները։ Դեսպանն ընդգծել է միջազգային կառույցների դերակատարությունը՝ ինչպես մշակութային ցեղասպանությունը կանխելու, այնպես էլ հայ ռազմագերիներին և պահվող անձանց վերադարձնելու հարցում։

«Դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի իրացմանը՝ միջազգային երաշխիքների առկայության դեպքում։ Քննարկվել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀՀ դեսպանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Հունաստանին` հայ ժողովրդին և Հայաստանին հուզող հարցերի նկատմամաբ աջակցության համար:

Նմանատիպ նյութեր