211652_close_icon
views-count919 դիտում article-date 23:00 27-10-2023

ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի ԱԺ պատգամավորին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի Սենատի  Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Անն-Լորանս Պետելին և ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպմանն Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

Ըստ աղբյուրի՝ նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, այդ թվում` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ։

Նշվում է, որ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, տարբեր բնակավայրեր, այդ թվում՝  Երասխ համայնք իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ արձանագրելով, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է։

Պաշտպանը անդրադարձ է կատարել նաև կառույցի գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրության շրջանում անհանդուրժողականության մթնոլորտի և ատելության խոսքի դեմ պայքարին։

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ՝ իրենց հերթին, Անն-Լորանս Պետելն ու Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար, կարևորել են Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման գործում։

Նմանատիպ նյութեր