211652_close_icon
views-count79356 դիտում article-date 22:16 27-10-2023

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 29-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, քննիչները օպերատիվորեն հայտնաբերեցին վրաերթ կատարած BMW-ն, վարորդը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մարմնական վնասվածքներով Թամանցիների փողոցից հիվանդանոց տեղափոխելիս է եղել մի քաղաքացու, ով շտապօգնության ավտոմեքենայում մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադմիրի Դերձյանի գլխավորությամբ:

Մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում էին՝ որտեղ է տեղի ունեցել դեպքը, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ կատարվածը վրաերթ է և այն տեղի է ունեցել Գործարանային մետրոյի մոտակայքում:

Քննչական բաժնի պետ Գոռ Թադևոսյանը, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանն ու քննիչ Վարդան Բաբաջանյանը տաք հետքերով գտնում են ոչ միայն դեպքի վայրը, որտեղ հայտնաբերում են արնանման հետքեր, այլ նաև քննչական ճիշտ ու օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերում են BMW մակնիշի ավտոմեքենան, որի դիմապակու վրա առկա են վնասվածքի հետքեր:

Վարորդը վրաերթից հետո շտապօգնության ավտոմեքենայի հետևից գնացել էր հիվանդանոց:

Քննիչի հանձնարարականով վարորդը, ով Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Բ.-ն է, ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած)։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Զավեն Կ.-ն է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր