211652_close_icon
views-count2023 դիտում article-date 09:20 15-08-2023

Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազը մտել է Գլխավոր դատախազության շենք ու պատիվ պահանջել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը մայիսի 30-ին մտել է ՀՀ գլխավոր դատախազության շենք եւ պատիվ պահանջել:
Իսկ ի՞նչն է դրդել Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Պետրոսյանին մտնել Գլխավոր դատախազություն և թեժացնել իրավիճակը:

Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը գաղտնալսման արդյունքում աշխատանքից ազատեց Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանին, որոնք իրենց անձնական խոսակցության ժամանակ ԱԱԾ քննիչին ասել էին «փալաս» ու վատաբանել էին ղեկավարին: Պարզվում է՝ դատախազներին ազատելուց առաջ Կոտայքի մարզի դատախազությունում բավականին ուշագրավ զարգացումներ են եղել:

Բանն այն է, որ գաղտնալսելուց հետո Կոտայքի մարզի դատախազության արդեն նախկին դատախազ Ապրես Գրիգորյանի աշխատասենյակ է մտել ԱԱԾ-ն և խուզարկություն իրականացրել: Համակարգում լուրեր կան, որ ԱԱԾ աշխատակիցները, բացի շենքը տակնուվրա անելուց, նաև խոշտանգել են դատախազին:

ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատակիցները լուռ հանդուրժում են համակարգի նկատմամբ իրավապահների այս գործելաոճը: Բացառիկ դեպքը եղել է Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանի նախաձեռնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պ. Պետրոսյանը գնացել է գլխավոր դատախազություն ու պատիվ պահանջել իր գործընկեր դատախազներին նվաստացնելու համար:

Նրա այս արարքը չի ընդունվել համակարգում, եւ հաջորդ օրը նրան զանգահարել են եւ տեղեկացրել, որ Աննա Վարդապետյանն ազատել է իրեն Կոտայքի մարզի դատախազի պաշտոնից եւ տեղափոխել ցածր պաշտոնի, ինչի արդյունքում էլ Պետրոս Պետրոսյանը ազատման դիմում է գրում ու հեռանում համակարգից: Թեեւ խոսվում է, որ մինչ այս աղմկահարույց միջադեպը Պետրոս Պետոսյանի եւ Աննա Վարդապետյանի միջև արդեն չհասկացվածություն եղել է:

Պետրոս Պետրոսյանը քրեական գործերից մեկով առարկություն է ներկայացրել, եւ ղեկավար կազմին դեմ դուրս գալու համար նրա նկատմամբ ծառայողական քննություն են նշանակած եղել, սակայն գործը հետագայում կարճվել է: Իսկ Գլխավոր դատախազության շենք մտնելուց եւ աղմուկ բարձրացնելուց հետո նրան ցածր պաշտոնի են տանում՝ փորձելով այդպես պատժել:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց Պ. Պետրոսյանից, որը մեր հարցը լսելուց հետո ասաց. «Չեմ մեկնաբանում»»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր