211652_close_icon
views-count114944 դիտում article-date 00:13 20-07-2023

Մահվան ելքով կրկնակի վրաերթ Երևանում. Suzuki-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս շպրտվել և հայտնվել է BMW-ի սրահում և տեղում մահացել է. ժամանել են Կենտրոնի ոստիկանապետն ու ՊԾ Երևանի գնդի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Suzuki մակնիշի ավտոմեքենան Ագաթանգեղոս 28/6 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և ընկել BMW մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա՝ ողջ մարմնով հայտնվելով ավտմեքենայի մեջ:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, BMW-ի վարորդին էլ օպերատիվորեն ժամանած շտապօգնություն բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել  հիվանդանոց:

Suzuki-ի վարորդին բժիշկները նույնպես տեղափոխել են հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի պարեկներ՝ Լուսինե Պետրոսյանը, Գևորգ Մնացականյանն ու Անահիտ Ասատրյանը տարածքը սահմանազատել են, տեղում կատարում են ուժեղացված ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը և Ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման  կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները ովքեր դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դիատարին։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 238+
238+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր