211652_close_icon
views-count934 դիտում article-date 15:46 12-06-2023

ԿԸՀ-ն ստացել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության վերաբերյալ դիմում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 66 քաղաքացիների դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (Հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ»։

ԿԸՀ-ն հայտնում է, որ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը դիմումը հանձնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին։

«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն, նախաձեռնող խումբը գրանցման համար հանձնաժողով է ներկայացնում նախաձեռնող խմբի բոլոր անդամների կողմից ստորագրված` նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը, որում առկա ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տասն աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն:

Նշենք, որ խոսքը «Հայաքվե» նախաձեռնության մասին է, որը Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ Դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։

Նախաձեռնողները հիմք են ընդունում ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։

Նախաձեռնողներն այսօր դիմումը ներկայացրել է ԿԸՀ,  որից հետո 10-օրյա ժամկետում ԿԸՀ-ի կողմից դրական պատասխանից հետո սահմանվում է 60-օրյա ժամկետ՝ քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար (50 հազար ստորագրություն)։

Ըստ օրենքի` ստորագրահավաքի համար 60–օրյա ժամկետ է նախատեսված։ Հույս ունեն, որ 10-20 օրում կհավաքեն ստորագրությունների անհրաժեշտ քանակը։

Դրանից հետո կդիմեն ԿԸՀ, որտեղ կհաստատվի ստորագրությունների վավերականությունը, հետո կդիմեն արդեն Ազգային ժողով։

Նախաձեռնության անդամների ներկայացրած դիմումն ու ամբողջական փաթեթն այսօր  ընդունեց ԿԸՀ անդամ Արմեն Սմբատյանը։

Նմանատիպ նյութեր