211652_close_icon
views-count1177 դիտում article-date 22:40 08-06-2023

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետը լրացել է

Մինչ դատարաններում տարիներով ընթանում է Հայաստանի երկու նախկին նախագահների դատաքննությունը, պարզվում է, որ լրացել է և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետը։ Իսկ այս դեպքում, երբ հանցանքի ժամկետից որոշ ժամանակ անց մեղադրյալին առաջարկում են դադարեցնել քրեական հետապնդումը առանց պատժի կրման՝ մեղադրյալը ո՛չ արդարացվում է, ո՛չ էլ՝ մեղավոր ճանաչվում։

«Ազատություն» ռադիոկայանը գրում է, որ չնայած դատարանները Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին դեռ չեն առաջարկել փակել գործերը վաղեմության հիմքով, բայց նրանց պաշտպանական թիմերը հայտնում են, որ պաշտոնաթող նախագահները չեն համաձայնի այս տարբերակին։

Վառելանյութի գործով պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ հափշտակելը կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանն արդարացում է պահանջում, այսօր էլ հերթական դատական նիստից հետո հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Ոչ թե համարում եմ շինծու մեղադրանքը, այստեղ չկա ընդհանրապես հանցագործության դեպք», - ասաց Մակինյանը։

Նախկին նախագահի մյուս փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասում է՝ Սարգսյանի հետ այս հարցը չեն էլ քննարկել, դատարանն էլ, ըստ էության, չի խոսել վաղեմության ժամկետը լրանալու մասին՝ իմանալով Սարգսյանի դիրքորոշումը։

«Մենք երբևէ այդ հարցը չենք քննարկել. թե վաղեմություն կլինի, թե որևէ այլ.... ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ հարց չի քննարկվել, որովհետև այս դեպքում չի կարող նման հարց քննարկվել։ Մենք պայքարում ենք միմիայն արդարացման դատական ակտ կայացնելու ուղղությամբ», - ասաց Հակոբյանը։

3 միլիոն դոլար կաշառք ստանալու գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին ևս դատարանը նման առաջարկ չի արել։ Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, քիչ հավանական է, որ երկրորդ նախագահը որոշի դադարեցնել քրեական հետապնդումն առանց արդարացման հասնելու։

«Ես պարոն Քոչարյանի փոխարեն իրավունք չունեմ ասել, նշանակություն ունի միայն մեղադրյալի համաձայնությունը։ Մինչև այս պահն ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ քիչ հավանական է, որ նախընտրվի այդ տարբերակը», - նշեց Ալումյանը։

Ստացվում է, որ վաղեմության ժամկետի չկիրառման դեպքում դատարանները կշարունակեն քննել գործերը։ Երրորդ նախագահի փաստաբան Հակոբյանի խոսքով, այս դեպքում երկու ելք կա՝ կամ կկայացվի արդարացման որոշում, կամ էլ մեղադրական դատավճիռ։ Բայց եթե անգամ դատարանները մեղավոր ճանաչեն պաշտոնաթող նախագահներին, նրանք, միևնույն է, չեն ազատազրկվի։

«Դատական ակտ է կայացվում պատժի կրումից ազատումը», - ասաց Ռուբեն Հակոբյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 


 

Նմանատիպ նյութեր