211652_close_icon
views-count1147 դիտում article-date 11:21 29-05-2023

Մարդն ունի սեփական բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան

Սոցիալական պրոբլեմների հաղթահարման մեր բանաձևն աշխատանքն է, եթե քաղաքացին աշխատունակ է, ինչո՞ւ պետք է նրան պետությունը սոցիալական նպաստ վճարի։ Այս մասին այսօր խորհրդարանում 2022-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդհանուր առմամբ՝ սոցալական ոլորտում մեր քաղաքականությունը բարեփոխվելու է հետևյալ տրամաբանությամբ․ եթե մարդն աշխատունակ է և շուկայում կա աշխատանք, ինչո՞ւ պետք է պետությունը նրան սոցիալական նպաստ վճարի», - ասաց վարչապետը՝ նշելով, որ սա հատկապես կարևոր է այն ֆոնին, որ ՀՀ-ում կան մարդիկ, որոնք ունեն թանկարժեք բնակարաններ, բայց պետությունից նպաստ են ստանում։

«Իհարկե շատ չեն այդ դեպքերը, բայց կան։ Օրինակ՝ մենք Հայաստանում կարող ենք ունենալ դեպք, երբ մարդն ունի բնակարան, որն այսօրվա շուկայական արժեքով կարող է արժենալ 300 կամ 500 հազար դոլար, բայց պետությունից նպաստ է ստանում։ Սա որևէ տրամաբանության մեջ չի մտնում», - նկատեց նա։

Ինչպես նշեց Փաշինյանը, ինքը ժամանակին նմանատիպ վիճակագրություն անցկացրել է՝ խնդրելով զեկուցել՝ կա՞ Երևանում մարդ, որն ունի սեփական բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց նպաստ է ստանում և պարզվել է՝ կա։

«Կամ մարդիկ կան, որ 26 կամ 30 հազար դրամ նպաստ են ստանում, բայց ամսական 400 հազար դրամ վարկ են փակում։ Ամեն ամիս բանկերին վճարում են 200 հազար, 400 հազար, դեպք ունենք՝ 700 հազար դրամ։ Ամեն ամիս վարկ է փակում, բայց պետությանն ասում է՝ ինձ 30 հազար դրամ աջակցություն տրամադրեք։ Նկատի ունեմ՝ սոցիալական քաղաքականության առումով մեր պատկերացումները որոշակիորեն պետք է փոխվեն»,- հավելեց նա։

Նմանատիպ նյութեր