211652_close_icon
views-count826 դիտում article-date 18:05 22-05-2023

Արցախում 2022-ին գրեթե հաջողվել է վերականգնել տնտեսությունը. ՀՆԱ աճը կազմել է 12.2 տոկոս

Մայիսի 22-ին Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է 2022թ պետբյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Նիստին ներկա էին  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, կառավարության անդամներ: Հայտնում է Արցախի ԱԺ-ն։

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով հանրապետության սոցիալ –տնտեսական ցուցանիշներին, նշել է, որ ԱՀ կառավարության կողմից իրականացվող հասցեական միջոցառումների շնորհիվ գրեթե հաջողվել է վերականգնել տնտեսությունը, սակայն 2022 թվականի դեկտեմբերի 3-ին, իսկ այնուհետև դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումը, բացասաբար է անդրադարձել  2022 թ. արդյունքների վրա՝ հանգեցնելով հունվար-նոյեմբեր ամիսներին արձանագրված տնտեսական աճի տեմպերի նվազմանը:

2022 թ. համախառն ներքին արդյունքը /ՀՆԱ/ կազմել է 288.8 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 12.2 տոկոսով՝ 3.2 տոկոս դեֆլյատորի պայմաններում:

Աճ է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում:

2022 թ. արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 36.9 տոկոսով և կազմել 104.5 մլրդ ՀՀ դրամ:

2022 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 41.2 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 24.9 տոկոսով:

Հաշվետու տարում հանրապետությունում իրականացված կապիտալ շինարարության ծավալը կազմել է 63.6 մլրդ ՀՀ դրամ,որը նախորդ տարվա համեմատ նվազել է 14.6 տոկոսով:

2022 թ. առևտրի շրջանառության ծավալը կազմել է 121.4 մլրդ ՀՀ դրամ` 2021 թվականի համեմատ աճելով 43.2 տոկոսով, բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը` 79.9 մլրդ ՀՀ դրամ` 2021 թվականի համեմատ աճելով 3.5 տոկոսով:

ԱՀ  արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2022 թ. կազմել է 832.0 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախապատերազմյան ցուցանիշը 26.8 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2022 թ. կազմել է 259,617.0 ՀՀ դրամ:

2022 թվականի պետական բյուջեով պլանավորված 47 մլրդ 331.0 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 47 մլրդ 914.1 մլն դրամ կամ ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 101.2 տոկոսով, նախատեսված 46 մլրդ 543.8 մլն դրամ հարկային եկամուտների և պետական տուրքի դիմաց պետական բյուջե է մուտքագրվել 46 մլրդ 765.1 մլն դրամ կամ պլանավորված ցուցանիշը կատարվել է 100.5 տոկոսով: «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կազմել է 16.2 տոկոս:

2022 թ. ՀՀ-ից ստացված բյուջետային վարկի գումարը կազմել է 176.0 մլրդ դրամ:

ԱՀ  2022 թ. պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 200 մլրդ 643.2 մլն դրամ` ապահովելով պլանավորված ցուցանիշի 90.0 տոկոսը: Ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձերը, թոշակները, նպաստները և սոցիալական բնույթի այլ ծախսերը:

Այնուհետև ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն  անդրադարձել է  տարբեր ոլորտների բյուջեների կատարողականներին, որից հետո պատասխանել է պատգամավորների հարցադրումներին:

Ոլորտային բյուջեների կատարողականները կներկայացվեն նախապես սահմանված ժամկետացանկով:

Նմանատիպ նյութեր