211652_close_icon
views-count1045 դիտում article-date 09:25 10-05-2023

Կիևը քննադատում է Մոսկվայի զորահանդեսին ներկա առաջնորդներին․ «Ամերիկայի ձայն»

Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի առթիվ Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվեց զորահանդես, որին ներկա էին հետխորհրդային յոթ երկրների ղեկավարներ՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի նախագահները, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միայն նախօրեին հայտնի դարձավ Մոսկվա այցելելու նրանց մտադրության մասին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարությամբ դատապարտել է Մոսկվայում՝ ռազմական շքերթին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը՝ առանց հիշատակելու Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Ուկրաինայի ԱԳՆ պնդում է, որ ռազմական հանցագործությունների համար միջազգային արդարադատության կողմից հետախուզվող Պուտինն այդ միջոցառմանն իր ելույթում «արդարացրել է ուկրաինացիների սպանությունը, ուկրաինական քաղաքների և գյուղերի ավերումը, ուկրաինացի երեխաների առևանգումը»։

Կիևն ընդգծել է՝ «պատերազմական հանցագործի հետ օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը» զորահանդեսին «անբարոյական և ոչ-բարեկամական քայլ է Ուկրաինայի հանդեպ»։

«Կենտրոնական Ասիայի և Կովկասի ժողովուրդներն անգնահատելի ներդրում են ունեցել 78 տարի առաջ նացիզմի դեմ տարած հաղթանակում։ Նրանք արժանի չեն այն ճակատագրին, որ հիմա օգտագործվեն Կրեմլի կողմից՝ մասնակցելով մի կեղծ ակցիայի, որը ոչ մի կապ չունի նացիզմի դեմ հաղթանակածների սխրանքի հետ»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Իսկ Ուկրաինայում մայիսի 9-ն այսուհետ նշվելու է որպես Եվրոպայի օր, մայիսի 8-ը՝ 1939-1945 թվականների Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ հաղթանակի և հիշատակի օր՝ երկուշաբթի հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Այժմ, ինչպես 80 տարի առաջ, մենք ապավինում ենք ազատ ժողովուրդների ընդհանուր ուժին և գիտենք, որ նրանց հետ միասին մենք միշտ լինելու ենք ազատ Եվրոպայի մի մասը, որը չի ենթարկվի չարին։ Եվ ողջ ազատ Եվրոպայի հետ միասին՝ մայիսի 9-ին Ուկրաինայում կնշենք Եվրոպայի օրը»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, թե ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

«Սա կլինի Եվրոպայի օր, որն աջակցում է ուկրաինացիներին ագրեսիայի ողջ՝ ինը տարիների և արդեն 439 օր՝ լայնածավալ ներխուժման ընթացքում: Այն կլինի Եվրոպայի օր, որը կօգնի մեզ պայքարել բոլոր ճակատներում՝ ռազմի դաշտում՝ զենքով, դիվանագիտական ճակատում՝ վճռականությամբ, հրթիռային ահաբեկչության և ձմռանը՝ մթության դեմ, տնտեսական ու իրավական ճակատում: Այն կլինի մեր դաշնակից Եվրոպայի օրը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր