211652_close_icon
views-count19298 դիտում article-date 15:02 24-04-2023

Ավտովթար Երևանում․ բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինն էլ հարվածել է երկաթե սյանը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Սամվել Սաֆարյան 11/1 հասցեի դիմաց բախվել են 21-ամյա Սերգեյ Խաչատրյանի վարած BMW մակնիշի և 22-ամյա Նորայր Սուքիասյանի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել երկաթե սյանը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախախարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր