211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Tesla»-ն, վերջինն էլ բախվել է խաչմերուկին տեղադրված երկաթե սյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count29947 դիտում article-date 11:11 07-01-2026
Երեկ՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Tesla» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել «Tesla»-ի վարորդը, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել խաչմերուկում տեղադրված երկաթե սյանը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սերյոժա Վարդանյանն ու կրտսեր պարեկ Արսեն Պետրոսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «Mercedes»-ի վարորդի և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Tesla»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վիրավորը «Mercedes»-ի վարորդն է, ով ազգությամբ հնդիկ է։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր