211652_close_icon

Ցավոք շատերի հրապարակային հայտարարությունները չեն համընկնում ձեռնարկած քայլերի ու գործողությունների հետ. ԱՀ պետնախարար

views-count913 դիտում article-date 18:10 11-04-2023
Այսօր ամենատարածված ու ներկայանալու համար ամենահարմար եղանակը «արդարություն, օրենքի առջև հավասարություն, արտոնյալների վերացում» և նմանօրինակ հայտարարություններով հանդես գալն է: Այն ունի հանրային մեծ պահանջարկ և բազմաթիվ սպասավորներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նա նաեւ նշել է. «Ես հրապարակային խոսքում մի քանի անգամ նշել եմ, հիմա կրկին շեշտում եմ, պետությունը և հանրությունը պետք է անընդհատ ձգտեն բացարձակ օրինականության, բայց արդյոք մենք պատրաստ ենք և իրականում ձգտում ենք դրան:

Ցավոք շատերի հրապարակային հայտարարությունները չեն համընկնում ձեռնարկած քայլերի ու գործողությունների հետ: Ավելի քան մեկ ամիս է, իրականացնում եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի պարտականությունները, այդ ընթացքում ընդունել եմ բազմաթիվ քաղաքացիների, իրավաբանական անձանց ներկայացուցիչների և այդ հանդիպումների ընթացքում հաճախակի եմ առնչվել իրենց օգտին բացառություններ անելու, օրենքը շրջանցելու կամ ըստ հարմարավետության կիրառելու, առանց հիմնավորման պետական աջակցություն ստանալու և նմանօրինակ այլ դիմումների, խնդրանքների ու առաջարկների:

Յուրաքանչյուր անգամ իմ կողմից տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ ու գնահատականներ, բայց ժամանակը խնայելու և այն առավել օգտակար նպատակի ծառայեցնելու համար ուզում եմ հայտարարել, որ անիմաստ են վերը նշված շարժառիթներով ու նպատակներով անձամբ կամ միջնորդի միջոցով ինձ դիմելու փորձերը, դրանք արժանանալու են բացասական պատասխանի»։

Նմանատիպ նյութեր