211652_close_icon
views-count772 դիտում article-date 11:24 03-03-2023

Արցախի պետնախարարը մտահոգված է շրջափակման հետեւանքները հաղթահարելու հետ կապված խնդիրներով

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը մտահոգված է շրջափակման հետեւանքները հաղթահարելու հետ կապված խնդիրներով։ Այս մասին երեկ՝ մարտի 2-ին, գործարարների հետ հանդիպմանը ասել է նորանշանակ նախարարը։

«Երեկ եւ այսօր ամբողջությամբ օգտագործել եմ Արցախի շրջափակման պայմաններում ստեղծված տնտեսական եւ նաեւ շրջափակման հետեւանքները հաղթահարելու հետ կապված խնդիրները ուսումնասիրելու վրա: Այդ ընթացքում բազմաթիվ խնդիրներ եւ մտահոգություններ են առաջացել ինձ մոտ։ Ուզում էի, որպես առաջնային շահառուներ եւ խնդիրների մասին ամենախորը տեղեկացված տնտեսվարող սուբյեկտներ՝ ձեզանից տեղեկություններ հավաքագրել, որպեսզի ամենակարճ ժամկետում հնարավոր լինի մաքսիմալ օպտիմալ թե արագության, թե աշխատանքների կազմակերպման իմաստով ամենաճիշտ, ամենաօբյեկտիվ մոտեցումները եւ տարբերակներն ընտրել»,– ասել է Գուրգեն Ներսիյանը։

Գործարարները ներկայացրել են իրենց դիտարկումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գոհունակություն է հայտնել «Արցախի գործարարների միություն» հասարակական կազմակերպության հիմնադրման կապակցությամբ եւ կարեւորել բիզնես միջավայրը համախմբող միավորի ստեղծումը։

Այդ միության գոյությունը թույլ կտա առավել ուղիղ շփում ունենալ գործարարների հետ՝ ունենալով ձեռնարկատիրությանը վերաբերող կառավարության ակտերի նախագծերը նաեւ այդ շրջանակում նախապես քննարկելու հարթակ։

Բանավոր հարցերին պատասխանելուց զատ պետական նախարարը առաջարկել է նաեւ գրավոր առաջարկներ փոխանցել՝ պարտավորվելով դրանք ամենակարճ ժամկետում քննարկման ընդունել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ շրջափակման տնտեսական եւ սոցիալական հետեւանքների մեղմման նպատակով ներդրված աջակցության ծրագրերի հետ կապված հարցեր:

Նմանատիպ նյութեր