211652_close_icon
views-count8545 դիտում article-date 14:50 13-02-2023

Խոշոր հրդեհ Եղվարդ քաղաքում․ բնակիչներն ասում էին․ «Հրշեջների, պարեկների ու ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ հնարավոր եղավ կանխել ողջ շենքում կրակի տարածումը, իսկ Եղվարդի քաղաքապետարանը տեղում դոփում է»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 4-րդ բազմաբնակարանային շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում, հնարավոր է՝ կրակի բռնկմամբ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Գաբրիելյանն ու պարեկ Դավիթ Սարգսյանը հրշեջ- փրկարարների և մի քանի քաղաքացիների հետ շենքի բնակիչներին տարհանել են, որից հետո ավագ պարեկն ու պարեկը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։ 

Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է 4-րդ հարկում միայնակ բնակվող տղամարդու տանը, սակայն տունն ամբողջովին լցված էր տարբեր տեսակի աղբով։ Եվ հարևանների ու արդեն հրշեջների շնորհիվ հնարավոր է եղել կանխել կրակի տարածումը, հակառակ դեպքում այլ պատկեր կլիներ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Ֆոտորագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Այդ տանը միայնակ ապրող տղամարդը մի օր էս շենքը վառելու ա։ Գոնե այս դեպքից հետո Եղվարդի քաղապետարանը հետևություններ անի ու գան, դրա դեմն առնեն։ Ողջ տունը լցված է աղբով, էլ չենք ասում՝ տիրում է գարշահոտություն։ Իսկ քաղաքապետարանին մի քանի անգամ ասել ենք այդ մասին, բայց ոչ մի օգուտ։ 

Եթե Եղվարդի քաղաքապետարանի պաշտոնյաները ժամանակին օպերատիվորեն արձագանքեին մեր խնդրանքներին, ապա այս պատկերը չէր լինի։ Ու միայն Եղվարդի հրշեջ-փրկարարների, ոստիկանության Եղվարդի բաժնի, Եղվարդում ծառայություն կատարող պարեկների շնորհիվ է, որ ժամանակին կանխվեց»։

Ոստիկանությունը պարզում է բնակարանատիրոջ ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր