211652_close_icon
views-count1120 դիտում article-date 19:23 09-02-2023

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ուժեղացնել փողոցային առեւտրի դեմ պայքարը

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաեւ կիրառել լրացուցիչ վարչական տույժ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:

Փոխնախարարն ընդգծել է, որ միայն տույժերով ու տուգանքներով այդ արատավոր երեւույթի դեմ պայքարելը մինչեւ հիմա շատ արդյունավետ չի եղել: «Հարցը նուրբ է, կարեւոր, քանի որ թղթակցվում է սանիտարական անվտանգության ամենակարեւոր դրույթի հետ: Մենք շատ հաճախ տեսնում ենք, որ ամբողջական տարածքներ ինքնաբերաբար վերածվում են առեւտրի վայրերի եւ հակասանիտարական ու հակահիգիենիկ պայմաններում վաճառվում են ոչ միայն սննդամթերք, այլ նաեւ իրենց հատկությունները շատ արագ կորցնող սննդամթերք, նաեւ՝ տնտեսական ապրանքներ եւ այլ տեսակի պարագաներ եւ ապրանքներ»,- նշել է հիմնական զեկուցողը: Նա պարզաբանել է, որ տուգանքների չափերը չեն փոխվում, դրանք մնալու են նույնը:

Նա հայտնել է, որ Երեւան քաղաքում 2019-2021 թվականների ընթացքում բացօթյա առեւտուր իրականացնելու փաստի առթիվ կազմվել են ավելի քան 3.500 վարչական իրավախախտման արձանագրություններ, սակայն տուգանքների գանձումները մոտ 3 անգամ ավելի քիչ են եղել, քանի որ համայնքները տուգանքները կազմելու բավարար գործիքակազմ չունեն:

«Ի՞նչ պայմաններ են ստեղծվում առեւտուր իրականացնելու համար»,- հետաքրքրվել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ առեւտուր իրականացնելու համար Երեւանում գործում են սեզոնային ապրանքների վաճառքի շուկաներ, որոնցից մի քանիսը կանոնավոր գործում են: Գործում են նաեւ մշտական շուկաներ, որտեղ մշտապես կարելի է գյուղմթերքի վաճառք իրականացնել:

«Դրանք բավարար են, թե՝ ոչ, դա այլ հարց է»,- ասել է Վաչե Տերտերյանը եւ ընդգծել, որ գործունեության այդ տեսակը պետք է սահմանափակվի եւ տեղափոխվի լեգալ նկարագրված գործունեության դաշտ:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Փաթեթը քննարկվել է փետրվարի 9-ի ԱԺ նիստում:

Նմանատիպ նյութեր