211652_close_icon
views-count73076 դիտում article-date 20:56 26-01-2023

Հիվանդանոցում մահացել է նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, ով, իջնելով «յաշիկից», կասկածելի փաթեթ էր կուլ տվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր` հունվարի 26-ին, «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Բ-ն, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էին տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, երբ նա դեպքի վայրում կասկածելի փաթեթ էր կուլ տվել, ինչի հետևանքով էլ ինքնազգացողությունը վատացել էր։ 

Ավելի հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 21-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Հայկ Բ․-ն  իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայում, ինչպես նաև իր մոտ, թմրամիջոց է պահում։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, քրեական ոստիկանության  գլխավոր վարչության ծառայողները, այնուհետև նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գիշերը, ժամը 02։00-ին Երևանի Բաղրամյան պողոտայում իրականացրել էին «Ձկնիկ, լող տուր, լող արա, դրսի որսը թող արա. իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» օպերացիան։

Բաղրամյան պողոտայից դեպի՝ ժողովրդին հայտնի «Օբելիի թունել» տանող ճանապարհահատվածում Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները կանգնեցրել էին Հայկ Բ․-ի «յաշիկը», և վարորդը, իջնելով ավտոմեքենայից, ինչ-որ բան էր կուլ տվել։ Դրանից հետո նրա ինքնազգացողությունը վատացել էր, ու պարեկները շտապօգնություն էին զանգահարել, ու մինչ բժիշկների ժամանումը, պարեկներն առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել, ապա ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց մեկնած Ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել էին, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Արդեն հիվանդանոցում ընդունարանի բուժանձնակազմը ոստիկաններին էր ներկայացրել նրա իրերը, որոնք հայտնաբերվել էին հագուստի գրպաններից, և այնտեղ եղել էր նաև թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված` 0.62 գրամ կշռով։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր