211652_close_icon
views-count65157 դիտում article-date 20:52 21-01-2023

Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանում. նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, իջնելով «յաշիկից», կասկածելի փաթեթ է կուլ տվել, նրա ինքնազգացողությունը վատացել է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր` հունվարի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Հայկ Բ․-ն  իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայում, ինչպես նաև իր մոտ, թմրամիջոց է պահում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանության  գլխավոր վարչության ծառայողները, այնուհետև նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գիշերը ժամը 02։00-ին Երևանի Բաղրամյան պողոտայում իրականացնում են «Ձկնիկ, լող տուր, լող արա, դրսի որսը թող արա. իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» օպերացիա։

Բաղրամյան պողոտայից դեպի ժողովրդին հայտնի «Օբելիի թունել» տանող ճանապարհահատվածում Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները կանգնեցնում են Հայկ Բ․-ի «յաշիկը» և վարորդը, իջնելով ավտոմեքենայից, ինչ-որ բան է կուլ տալիս։

Դրանից հետո նրա ինքնազգացողությունը վատանում է ու պարեկները շտապօգնություն են զանգահարում։ Ու մինչ բժիշկների ժամանումը պարեկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, ապա ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխում է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնում են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Արդեն հիվանդանոցում ընդունարանի բուժանձնակազմը ոստիկաններին է ներկայացնում նրա իրերը, որոնք հայտնաբերվել են հագուստի գրպաններից, և այնտեղ լինում է նաև թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված` 0.62 գրամ կշռով։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հայկ Բ․-ի մայրը ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատակից է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր