211652_close_icon
views-count900 դիտում article-date 15:03 20-01-2023

ԱԺ նախագահը ստացել է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրերը. հարցը կմտնի հերթական նիստի օրակարգ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը, հարցը կմտնի խորհրդարանի առաջիկա նիստի օրակարգ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«ԱԺ նախագահը ստացել է միջնորդությունը: Պատգամավորն այդ մասին տեղեկացվել է: Հարցը կմտնի ԱԺ հերթական նիստի օրակարգ»,- ասաց խոսնակը:

ԱԺ առաջիկա հերթական նիստերը կմեկնարկեն փետրվարի 7-ին: ԱԺ նիստերից առաջ նիստի օրակարգը հաստատվում է խորհրդի նիստում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին էր ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:

Նմանատիպ նյութեր