211652_close_icon
views-count71054 դիտում article-date 19:52 02-01-2023

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ Dodge-ի վարորդը ժողովրդին հայտնի Ավանի կամրջի տակ վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 29֊ամյա Կարեն Ղ-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 55-ամյա Մարինե Ս․-ին

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի, ավագ քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Մահվան ելքով վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր