211652_close_icon
views-count1256 դիտում article-date 13:55 19-12-2022

Քննչական կոմիտեի փոխնախագահն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի Թբիլիսիի գրասենյակի ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի Թբիլիսիի գրասենյակի նորանշանակ ղեկավար Իմեդա Ցիցիաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում է ՔԿ-ն։

Արսեն Այվազյանը նշել է, որ ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի Թբիլիսիի գրասենյակի հետ համագործակցության ողջ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն մշտապես զգացել է ԱՄՆ գործընկերների աջակցությունը մասնագիտական վերապատրաստումների միջոցով քննիչների արդյունավետության բարձրացման, Կոմիտեի կարողությունների հզորացման,  կազմակերպաիրավական ընթացակարգերը որակական ավելի բարձր հարթություն  տեղափոխելու հարցում։ Դրանք  նպաստում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրացման հանցագործությունների բացահայտմանը, այս ոլորտում միջազգային գործակցությանը։

Իմեդա Ցիցիաշվիլին ևս գոհունակություն է հայտնել ձևավորված համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ։ նա ընդգծել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, անդրազգային ամենավտանգավոր հանցագործություններից մեկն է, որի դեմ արդյունավետ պայքարի հիմնական գրավականը միջազգային սերտ գործակցությունն է, փորձի փոխանակումը և փոխանցել ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի պատրաստակամությունը այդ չարիքի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերելու հնարավոր տեխնիկական և մեթոդաբանական աջակցություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների դեպքերի բացահայտման տեխնոլոգիաների, մասնագիտական հմտությունների կատարելագործման,  իրականացվող քննությունների արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։

Հայկական կողմը ներկայացրել է հատկապես առցանց տարբեր հարթակների, էլեկտրոնային դրամապանակների միջոցով իրականացվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կրիպտոարժույթների միջոցով փողերի լվացման դեմ պայքարում ՀՀ քրեական հետապնդման մարմինների վերջին շրջանի լուրջ ձեռքբերումները։

Երկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի  միջև փոխգործակցության հուշագրի ստորագրմամբ ամրագրելու համագործակցության ներկայիս բարձր մակարդակը և նախանշելու դրա ընդլայնման նոր ուղղություններն ու ձևերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հուշագրի մշակման, վերջնական համաձայնեցումների ընթացքին առնչվող խնդիրներ։

Նմանատիպ նյութեր