211652_close_icon
views-count105514 դիտում article-date 20:57 16-12-2022

Ոստիկանական հետապնդում՝ Երևանում. պարեկները, երբ ցանկացել են BMW X5-ում զննություն կատարել, այնտեղ գտնվող անձինք փորձել են ճողոպրել, նրանցից մեկը հետապնդվելու ժամանակ շպրտել է խոշոր չափի թմրանյութի նմանվող կասկածելի զանգված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, նույն վաշտի պարեկներ Էդիկ Առաքելյանի և Սոս Սերոբյանի մասնակցությամբ Աջափնյակ վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «15 կվարտալի կալցևոյում», Չաուշի արձանի մոտ, ստուգման նպատակով կանգնեցրել են BMW X5 մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ստուգել են վարորդի անձը, ու քանի որ պարեկային ծառայության Երևանի գնդում ունեցել են օպերատիվ տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայի մեջ հնարավոր է՝ թմրամիջոցներ լինեն, հայտնել են, որ ավտոմեքենան պետք է զննության ենթարկվի։

Այդ մասին լսելով՝ ավտոմեքենայի մեջ եղած 3 անձանցից մեկը դիմել է փախուստի, իսկ ձեռքին եղած ցելոֆանը շպրտել է։

Երկու անձինք փորձել են նույնպես դիմել փախուստի, սակայն պարեկներ Ավետիք Դալլաքյանն ու Գոռ Հայրապետյանը կարողացել են նրանց երկուսին հենց դեպքի վայրում բռնել, իսկ մյուսին հետապնդել ու բավականին տարածություն անցնելուց հետո հաջողվել է նրան նույնպես բռնել։

Նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Մաշտոցի բաժին։

Դեպքի վայրում հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 3 տարաներով լցված կասկածելի զանգված, կոտրված կաթուցիչ, պլաստմասե փոքրիկ աման, որի մեջ նույնպես կար կասկածելի թմրամիջոց։ 

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Պարեկներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ 

Պարեկային ծառայությունը, ոստիկանությունն ու ու քննչական բաժինը պարզում են BMW X5-ի սեփականատիրոջ, վարորդի և ոստիկանության Մաշտոցի բաժին տեղափոխված անձանց ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 148+
148+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր