211652_close_icon
views-count1132 դիտում article-date 17:06 15-12-2022

Չենք կարող թույլ տալ Ադրբեջանին շարունակել բռնության ու սպառնալիքի քաղաքականությունը․ ԵԽ պատգամավորները դիմել են Միշելին ու Բորելին

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ կոչ անելով հստակ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բանկչության անվտանգությունը։ Հաղորդում է «Արմենպրեսը»։

Նամակի մեջ պատգամավորներ Պիտեր վան Դալենը, Ֆրանսուա-Խավիեր Բելամին, Լարս Պատրիկ Բերգը, Ֆրանսուա Ալֆոնսին, Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն և Անդրեյ Կովաչևը նշել են, որ ադրբեջանցիները 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտից կրկին փակել են Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը՝ այդպիսով 120000 հայի ենթարկելով դե ֆակտո շրջափակման ու խափանելով նրանց ազատ տեղաշարժի իրավունքը։

«Սա նաև ենթադրում է, որ շտապօգնությունն ու պարենային մատակարարումները ևս չեն կարող հասնել Լեռնային Ղարաբաղ։

Եթե այս իրադրությունը շարունակվի, ապա կհանգեցնի անխուսափելի հումանիտար աղետի՝ սարսափելի հետևանքներով։ Անընդունելի է, որ բնապահպանական գործողությունների քողի տակ ադրբեջանական կողմը ոտնահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, մասնավորապես դրանով ստանձնած իր պարտավորությունը՝ Լաչինի միջանցք անունով հայտնի ճանապարհով ապահովելու քաղաքացիների, մեքենաների ու բեռնատարների տեղաշարժը՝ երկու ուղղություններով»,- նշել են ԵԽ պատգամավորները։

Նրանք ընդգծել են, որ 2020 թվականի հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական կողմը տարատեսակ միջոցներով դժվարին պայմաններ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար՝  չխորշելով կիրառել ռազմական սադրանքներ, հոգեբանական սպառնալիքներ, խաթարելով գազամատակարարումը ցրտաշունչ ձմեռվա պայմաններում։

Դիմելով Շառլ Միշելին ու Ժոզեպ Բորելին՝ պատգամավորները նշել են․ «Մենք կոչ ենք անում Եվրամիության անունից օգտագործել ձեր լիազորությունները՝ ձեռնարկելու հստակ քայլեր ու ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգությունը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի կողմից իրականացվող սպառնալիքի ու բռնության այս քաղաքականությունը շարունակվի»։

Նմանատիպ նյութեր